National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
10.06.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բացման խոսքը եւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ողջույնի խոսքը ՀՀ ԱԺ եւ ԼՂՀ ԱԺ միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի ութերորդ նիստի ժամանակ
1 / 2

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի բացման խոսքը 
  
«Հարգարժան պարոն Ղուլյան,

Հարգելի գործընկերներ 
  
Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ու անձամբ իմ անունից ողջունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեր գործընկերներին եւ շնորհավորել մեր խորհրդարանների միջեւ համագործակցության միջխորհդարանական հանձնաժողովի հերթական` ութերորդ նիստի գումարման կապակցությամբ:

Միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի գործունեությունը ծավալվում է ԼՂ հարցի շուրջ բանակցություններին զուգահեռ: Բանակցային գործընթացն աստիճանաբար ավելի հաստատուն է դարձնում այն միտքը, որ ԼՂ ժողովուրդն ինքը պիտի տնօրինի սեփական ճակատագիրը եւ նրա ինքնորոշումն այլընտրանք չունի: Հայկական կողմը բազմիցս նշել է, որ պատրաստ է խնդրի լուծման հասնել խաղաղ բանակցությունների միջոցով, սակայն դա չի նշանակում, թե մեր տարածքների ու բնակչության դեմ որեւէ ոտնձգություն անպատասխան է մնալու: Մեր ժողովուրդը բազմիցս է ապացուցել զենքի ուժով հարց լուծելու ոմանց գայթակղությանը համարժեք հակահարված տալու իր կարողությունը:

ԼՂ հարցում Հայաստանը երբեք չի անտեսի ԼՂ իշխանությունների եւ ժողովրդի կարծիքն ու դիրքորոշումը: ԼՂՀ-ն իբրեւ պետություն իր գոյության այս պատմական կարճ ժամանակահատվածում հասցրել է ապացուցել, որ որոշ, այդ թվում եւ մեր տարածաշրջանի պետությունների համեմատ ավելի կայացած եւ ժողովրդավար է, ուստի, իրավունք ունի որպես դե ֆակտո առանձին միավոր այդպիսին լինել նաեւ դե յուրե, մանավանդ որ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի շուրջ միջազգային հանրության դիրքորոշման մեջ կարծես թե ձեւավորվում է կարծրատիպերի նկատմամբ ավելի ըմբռնելի վերաբերմունք:

Հարգելի գործընկերներ, խորհրդարանների համագործակցությունը եւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի գործունեությունը, էական ներդրում է ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ միջպետական կապերի զարգացման գործում: Վստահ եմ, որ հանձնաժողովի գործունեությունն այսուհետ եւս արդյունավետ ներդրում կլինի համատեղ ծրագրերի իրականացման գործում` ի նպաստ երկու պետությունների տնտեսական ու քաղաքական հզորացման եւ նրանց քաղաքացիների բարեկեցության: Համոզված եմ, որ այդ գործունեւոթյունը կնպաստի ԼՂ հարցի միջազգային ավելի լայն ճանաչման` նպաստելով խնդրի հայանպաստ լուծմանը: Բարձր գնահատելով խորհրդարանական դիվանագիտության դերը` տեղեկացնեմ, որ իմ կամ իմ գործընկերների ցանկացած միջազգային հանդիպման ժամանակ չի շրջանցվում ԼՂ թեման, եւ Հայաստանի օրենսդիրները ստանձնել են նաեւ ԼՂՀ-ը ներկայացնելու գործառույթ, ընդգծեմ` ժամանակավոր գործառույթ, որովհետեւ համոզված եմ, որ վաղ թե ուշ ԼՂՀ-ն դառնալու է միջազգային իրավունքի ինքնուրույն, ճանաչված սուբյեկտ: Եվ այդ ժամանակ արդեն ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի օրենսդիրները համատեղ կներկայացնեն եւկպաշտպանեն իրենց երկրների ու հայության շահերը:

Մեր նախորդ նիստը, որը կայացավ 2009 թվականի դեկտեմբերին Երեւանում, ընթացավ ակտիվ երկխոսության մթնոլորտում: Նիստի հիմնական թեմաների շուրջ բուռն քննարկումներ կայացան եւ որոշվեց մեր խորհրդարաններում աշխատանքային խմբեր ձեւավորել` քննարկված հարցերն ավելի մանրակրկիտ ուսւոմնասիրելու եւ դրանց լուծումները գտնելու նպատակով: Կցանկանայի նշել, որ Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները ներկայացրել են աշխատանքային խմբի իրենց թեկնածուներին եւ խմբի վերջնական ձեւավորման աշխատանքները շուտով կամփոփվեն:  

Հարգելի գործընկերներ,

Վստահ եմ, որ միջխորհրդարանական հանձնաժողովի այս նիստը արդյունավետ կընթանա` հնարավորություն ընձեռելով մեզ բազմակողմանիորեն քննարկել օրակարգում ընդգրկված հարցերը: Հանձնաժողովի նիստերի պարբերաբար անցկացումը, ինչպես նաեւ մեր խորհրդարանների միջեւ սերտ համագործակցությունը թույլ կտա մեզ հասնել շոշափելի հաջողությունների քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ոլորտներում:

Այսօր մենք պետք է քննարկենք հետագա համագործակցությանն առնչվող մի շարք խնդիրներ: Այս հարցերի համապարփակ լուծումը մեկօրյա նիստում հնարավոր չէ, այդ իսկ պատճառով կցանկանայի հատուկ ընդգծել հետագա նիստերի ծրագրավորման ? անցկացման կարեւորությունը, որոնց ընթացքում մենք հնարավորթւյուն կունենանք  քննարկել  ոչ միայն նոր խնդիրներ, այլեւ գնահատել նախկինում բարձրացված հարցերի լուծման արդյունքները:

Հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերը որոշակիորեն բարձրացվել են նաեւ մեր նախորդ հանդիպումների ընթացքում: Վերջին շրջանում  համագործակցության խթանմանն ուղղված քայլեր են  ձեռնարկվել եւ որոշ հաջողություններ են արձանագրվել, սակայն մեր խորհրդարանները դեռեւս զգալի աշխատանք պետք է կատարեն վերոնշյալ խնդիրների ամբողջական համակարգման ուղղությամբ:

Կցանկանայի նշել, որ չնայած երկկողմ ակտիվ համագործակցությանը, դեռեւս ամբողջովին չենք օգտագործել մեր ունեցած ներուժը եւ ներկայումս, իմ կարծիքով, բոլոր նախադրյալները կան կարեւորագույն ոլորտներում մեր պետությունների միջեւ   համագործակցությունը ընդլայնելու ուղղությամբ:

Վերջում ուզում եմ  ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մեծ կարեւորություն է տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի հետ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը եւ պատրաստ է բազմապատկել ժամանակի ընթացքում ձեռք բերած մեր միասնական նվաճումները:

Շնորհակալություն  եմ հայտնում միջխորհդարանական հանձնաժողովի բոլոր անդամներին այսօրվա նիստին մասնակցելու համար եւ   հաջողություններ մաղթում  հանձնաժողովի աշխատանքներում, ինչպես նաեւ ցանկանում եմ հույս հայտնել, որ մեր ջանքերն արդյունավետ կլինեն` ի նպաստ   բազմակողմ համագործակցության զարգացմանը»: 
  
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ  Ղուլյանի ողջույնի խոսքը 
  
  
«ՀՀ Ազգային ժողովի մեծարգո նախագահ

Հարգելի գործընկերներ

Ողջունում եմ բոլորիդ` Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստի հրավիրման առիթով եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Հովիկ Աբրահամյանին` ջերմ ընդունելության, աշխատանքի հոյակապ պայմաններ ստեղծելու համար:

Հայկական երկու պետությունների փոխհարաբերությունների եւ սերտ համագործակցության մի քանի կայացած ձեւաչափեր եւ հարթակներ կան: Այդ շարքում եւ հատկապես վերջին տարիներին  իր նշանակալի տեղն ունի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովը: Այս հարթակը, այս ձեւաչափը հնարավորություն է, որպեսզի մենք մշտապես գնտվենք մտքերի փոխանակության, ապագա քայլերի նախանշման աշխատանքային ռեժիմում, նույնիսկ եթե ֆորմալ առումով նիստեր չեն գումարվում:

Ասվածի վկայություն է նախընթաց մեկուկես տարին: Անցյալ գարնանը մենք հնարավորություն չունեցանք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի  նիստ գումարել, քանի որ Արցախում խորհրդարանական հերթական ընտրություններ էին: Իսկ աշնանը պատճառ դարձավ Հայաստանի Ազգային ժողովի աշխատանքային խիտ ու բազմազան հարցերով եւ ուղեւորություններով հագեցած ժամանակացույցը: Սակայն այդ ընթացքում համագործակցության խնդիրները պարբերաբար քննարկվել են երկու խորհրդարանների ղեկավարների, փոխնախագահների, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների միջեւ աշխատանքային հանդիպումներում:

Այս իմաստով ուզում եմ հատկապես կարեւորել Հայաստան- Ֆրանսիա եւ Հայաստան- Մեծ Բրիտանիա բարեկամության պատգամավորական խմբերի այցելություններն Արցախ` անցյալ եւ այս տարվա գարնանը, որոնք մեզ համար խիստ օգտակար եւ նշանակալի էին: Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ ԱԺ նախագահին եւ այդ պատգամավորական խմբերի հայաստանյան ներկայացուցիչներին`  ֆրանսիացի եւ բրիտանացի խորհրդարանականների ԼՂՀ այցերը կազմակերպելու եւ ցուցաբերած օժանդակության համար: Մենք լիահույս ենք, որ նման օգտակար այցելություններ կկազմակերպվեն նաեւ առաջիկայում: Այդ կերպ Արցախի խորհրդարանն օժտվում է նաեւ միջազգային կապերի սուբյեկտ դառնալու միանգամայն հուսալի հեռանկարով:

Բարեկամներ, ներկա նիստի օրակարգում ընդգրկված են քաղաքական եւ սոցիալական հարցեր: Դրանց առաջնահերթությունը քննարկվել է պարոն Հովիկ Աբրահամյանի եւ իմ աշխատանքային հանդիպումների ընթացքում ու ներկա տեսքն ստացել արդեն երկու խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջեւ խորհրդատվությունների արդյունքում: Մենք եկել ենք ընդհանուր եզրակացության եւ, կարծում եմ, կանգ առել ամենահրատապ խնդիրների վրա: Համոզված եմ, որ այդ հարցերն այսօր կքննարկվեն ամենալայն կտրվածքով:

Ուզում եմ անդրադառնալ մեր հետագա աշխատանքների կազմակերպմանը` ծրագրման տեսանկյունից: Կարծում եմ, միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովն այնքան կայացած ձեւաչափ եւ միաժամանակ մտքերի փոխանակության ու համատեղ նախանշումների հարթակ է դարձել, որ կարելի է  մտածել այսպես կոչված մեծ օրակարգ ձեւավորելու եւ յուրաքանչյուր նիստից առաջ այդ շրջանակից տվյալ իրավիճակում ամենահրատապ հարցերն առանձնացնելու եւ քննարկման  դնելու անհրաժեշտության մասին:

Եթե այս գաղափարն ընդունելի է, ապա անհրաժեշտ կլինի ստեղծել աշխատանքային խումբ, որը կներկայացնի մեծ օրակարգի մասին իր առաջարկությունները: Հաշվի առնելով, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մեկ տարուց էլ պակաս ժամանակ է մնացել եւ օբյեկտիվ պատճառներով օրակարգային հարցերի քննարկման համար փաստացի ժամանակը շատ սուղ է, ուստի  սեպտեմբերին հարկ կլինի ձեւավորել հարցերի այն շրջանակը, որը հիմք կդառնա մեր հաջորդ քննարկման համար:

Հարգելի գործընկերներ,

Մենք նաեւ կարեւոր պատմական իրադարձությունների շեմին ենք. սեպտեմբերին նշելու ենք հայկական երկու հանրապետությունների` Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության հռչակման 20-ամյակը: Նախապես շնորհավորելով մեզ բոլորիս այս հոբելյանների առիթով, ուզում եմ փաստել, որ քսանամյա հայկական պետականության կայացման գործում, անշուշտ, մեծ է եղել երկու երկրների խորհրդարանների դերը ու նաեւ այդ պետական մարմիններին էր վերապահված իրականացնելու այն լրջագույն առաքելությունը, որի արդյունքում մենք ունենք իրավական եւ ժողովրդավարական երկու հայկական պետություններ եւ   միջխորհրդարանական համագործակցության կայացած ու գործուն համակարգ:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք ի զորու ենք միջխորհրդարանական փոխգործակցությունը պահել պատշաճ մակարդակի վրա` ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու եւ գալիք սերունդներին անկախության ու ազատության արժեքների վրա հիմնված` ապահով եւ անվտանգ հայրենիք փոխանցելու վճռականությամբ»:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am